Մամոնտի տարածքի տաք գարուններ, այսպիսի անուն է կրում «Ելոուսթոուն» ազգային պարկում գտնվող տաք աղբյուրների խումբը։
Չպետք է շփոթել Հոթ Սփրինգի (Հարավային Դակոտա) համանուն տարածքի հետ։
Այն տրավերտինի բլրի վրա գտնվող տաք աղբյուրների մեծ համալիր է, որը ստեղծվել է հարյուր հազարավոր տարիների ընթացքում։ Տրավերտինը տեղումնային լեռնային ապար է, որն առաջանում է ածխաթթվային աղբյուրներից՝ հիմնականում եռացող կամ կալցիումի կարբոնատով հարստացած տաք կամ սառը աղբյուրներից։
Առաջացել է մոտ 600.000 տարի առաջ տեղի ունեցած հրաբխային պայթյունի շնորհիվ։ Այդ տարիների ընթացքում ջուրն իր լեռնագոյացնող գործունեությունը շարունակել է և այստեղ առաջացրել աշխարհում ամենախոշոր թերմալ գոյացություններից առաջացած լեռը, որի լանջերը նման են հետաքրքիր դարավանդների՝ տեռասաների։
Տաք ջրերը, որոնք դուրս են գալիս այստեղ սնվում են Նորիս Գեյզերի ավազանից։ Տաք ջուրը երկրի ընդերքից, անցնելով կրաքարային ապարների միջով, խառնվելով հրաբխային գազերի հետ, վեր բարձրանաալիս իր մեջ է լուծում տարբեր հանքային նյութեր վերածվելով թթվային լուծույթի։ Ջուրը հասնելով երկրի մակերևույթին, որտեղ նրա ջերմաստիճանը հասնում է 80 ° C-ի, անջատվում և օդին է խառնվում ածխածնի երկօքսիդը, որի շնորհիվ լուծույթից անջատվում է նաև իր մեջ լուծված կալցիումի կարբոնատը առաջացնելով տրավերտին։ Տրավերտինը մաքուր, անմշակ վիճակում սպիտակ է, նրա երանգները պայմանավորված են կրաքարում առկա երկաթի կամ այլ օրգանական միացությունների հիմնականում ջրիմուռների պարունակությամբ, որոնք տրավերտինին տալիս են շագանակագույն, նարնջագույն, կարմիր և կանաչ երանգներ:
Երկրակեղևում առկա բազմաթիվ երկրաջերմային ճեղքերի ու անցքերի պատճառով կուտակված տրավերտինը ստանում է հետաքրքիր ու անսովոր գոյացություններ և ձևեր։ Սակայն երկրաշարժերի ակտիվության պատճառով որոշ անցքեր փակվում են և դադարեցնում հետագա զարգացումը։ Ժամանակի ընթացքում մարդը այդ գոյացություններից յուրաքանչյուրին անվանակոչել, օրինակ՝ լեռան ստորոտում գտնվող սյունաձև գոյացությանը անվանում են՝ Ազատության գլխարկ։ Թեև այս աղբյուրները գտնվում են պարկի տարածքում գտնվող հիմնական հրաբխային կալդերայի սահմանից դուրս, սակայն դրանց էներգիան վերագրվում է նույն համակարգին: Այստեղ ակնառու են վերջին սառցադաշտային ժամանակաշրջանի գործունեության հետքերը։