Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակում է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետեր ու նռնականետեր: Հրադադարը խախտվել է նաև հայ-ադրբեջանական սահմանին: Հայկական կողմը պատասխանել է միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Ուղիղ քառորդ դար առաջ այս օրը Բաքուն պատրաստում էր հայտնի ՙԿոլցո՚ օպերացիան: Սա Արցախի բնակչության դեմ իրականացված ամենադաժան գործողությունն էր, որ նպատակն էր հայերին տեղահանել հնարավորինս շատ բնակավայրերից ու կոտրել դիմադրության ոգին: Թիրախը Հյուսիսային Արցախի բնակավայրերն էին` Շահումյանի և Գետաշենի գյուղերը: Աննա Բալյանը հանդիպել է այդ օրերին Գետաշեն ուղևորված ու գերի ընկած բժիշկների խմբի անդամ Գևորգ Գրիգորյանի հետ: 25 տարի առաջ տեղի ունեցածը Աննա Բալյանը ներկայացնում է Բաքվի նոր քայլերի համեմատությամբ: