Օրեր առաջ օգոստոսի 31-ին, իրանական երգի լեգենդը՝ Գուգուշը, մենահամերգով հանդես եկավ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դահլիճը լեփլեցուն չէր, քանի որ տոմսերը շատ էին թանկ, գները տատանվում էր 37500-300000 դրամի սահմաններում։ Իրանցի բազմահազար երկրպագուներ գնել էին բոլոր թանկ տոմսերը: Հանդիսատեսների 90 տոկոսից ավելին իրանցիներ և իրանահայեր էին, իսկ հայաստանցիների մեծ մասը ներկայացել էին հրավիրատոմսերով։
Գուգուշը՝ Ֆաիգե Աթեշին համերգի նախօրեին հետաքրքիր հանդիպում է ունեցել, 35 տարի անց նա հանդիպել է հոր հայազգի ընկերոջ՝ Թեհրանում ճանաչված երգիչ Գուգուշ (Գուրգեն) Վանաքիին, որն էլ իրեն մանուկ ժամանակ տվել էր Գուգուշ անունը:
Գուգուշը համարվել է 1970-ականների Իրանի կուռքը, «Երկար գիշերը» ֆիլմի աստղը և Իրանում նորաձևության և գեղեցկության խորհրդանիշը: Նրա ելույթներն Իրանում արգելել են 1979 թվականից: Նա փաստաթղթային խնդիրների պատճառով չի ցանկացել անօրինական ճանապարհով հեռանալ երկրից, այդ պատճառով կարիերայում 21 տարի դադար է ունեցել։ Ի դեպ, ԱՄՆ տեղափոխվելուց հետո, որտեղ ապրում և իր ստեղծագործական գործունեությունն է ծավալում մինչ այսօր, սա Գուգուշի առաջին համերգն է նախկին ԽՍՀՄ–ի տարածքում:
Երգչուհին Կաննի, Սան Ռեմոյի, World Music Awards-ի և մի շարք այլ համաշխարհային փառատոնների մրցանակակիրն է և միշտ առանձնացել է հայկական երաժշտության հանդեպ իր սիրով: Նա բազմիցս կատարել է երգեր հայերենով, ինչի համար հաճախ քննադատվել է ադրբեջանական մամուլի կողմից
Համերգի ընթացքում իր խոսքում շեշտեց՝
«Շատ երջանիկ եմ, որ այստեղ եմ, ձեզ հետ: Երկար տարիներ ցանկանում էի ելույթ ունենալ իմ հայրենի երկրին կից երկրներում, սակայն դա հնարավոր չէր տարբեր պատճառներով: Վերջապես իմ փափագն իրականացավ: Ընդգծեմ, որ բազմաթիվ հայ երկրպագուներ ունեմ ամեն տեղ՝ ԱՄՆ-ում, Իրանում և այլուր: Հենց դա է պատճառը, որ նաև հայերենով երգեր եմ կատարում»:
Համերգն ամբողջովին յուրահատուկ խոնարհում էր, Իրանի երաժշտական արվեստին անգնահատելի ծառայություններ մատուցած հայազգի արվեստագետներ՝ Վարուժի, Անդրանիկի, Վիգենի և այլոց հիշատակին։