Իսկ այդ սերը` Աններելին, Ինձ է ահա շրջափակել Կայսերական մի անիրավ սահմանի պես... Բայց դա քիչ է, Ֆրանչեսկա', Սահմանապահ զորամասերդ ավելացրու, Սահմանախախտ ամեն հայացք Եվ հետախույզ ամեն ակնարկ ձերբակալի'ր Ֆրանչեսկա':
Мы используем cookie-файлы, чтобы улучшить сервисы для вас. Если ваш возраст менее 13 лет, настроить cookie-файлы должен ваш законный представитель. Больше информации
Комментарии 24
Արեւը՝
Չար նկարչի պես,
Նկարչական իր գործիքի կիկլոպային միակ աչքով
Չորսբոլորքում՝ որոնում է իր - առարկա,
Մարդ-կենդանի,
Որ բոլորին այլանդակի՝
Ամեն մեկին իր ստվերով:
Փախչենք սիրո կիկլոպային միակ աչքից.
Չայլանդակվենք...
Համբերությունն այս քարեղեն
Կարող է եւ ճաքել մի օր՝ ժայռի նման,
Եվ այդ ճաքից բխելու է ոչ թե աղբյուր,
Ժայթքելու է սեր՝
Խառնված ամոթի հետ,
Այսինքն՝ արյուն լերդակալած...
Նայիր,
Թլվատ ստվերները
Ինչ-որ մի բան են բարբաջում.
Թարգմանում են ինձ երեւի:
Տես,
Ջրի մեջ շող-շառավիղն է կոնդացել.
Պատճենում է ինձ երեւի:
Տես,
Երկնքից սահանքվում է լռությունը,
Բայց խրվելով խոտ ու թփի թավության մեջ,
Հոծ սաղարթում խիտ ծառերի,
Կասեցվում է ու... փշրվում,
Եվ ի վերջո դառնում խշշոց-շրշյուն-սոսափ:
Անիրավված այդ լռությանն ինչո՞ւ մարդիկ
Չեն անվանում հերոս եւ կամ գեթ նահատակ:
Եթե հերոս կամ նահատակ չեն անվանում,
Թող որ կորչեն կամ իմ, կամ քո անվամբ գոնե...
Ժպիտներց լավագույնը
Փակ աչքովն է երեւի:
Քոնն է հասցեն:
Եվ լավագույն երազանքը
Բաց աչքերովն է, անկասկած:
Նույնն է հասցեն:
Իսկ դու գիտե՞ս, թե մենք ո՞վ ենք:
Մենք նրանք ենք,
Ովքեր ինչքան խոսք են խոսել՝
Ողջը թերատ,
Ովքեր ինչքան խոհ են խորհել՝
Ողջը լրիվ:
Եվ հոգուս մեջ
Շինություն է եւ ավերմունք:
Եվ գլխիս մեջ
Դատարան է ու դատաստան:
Եվ աչքիս դեմ,
Թռչունները, տես, երկինքն են նոտագրվում,
Եվ հնչում է ոչ թե նրանց երգը վճիտ ու պարզունակ,
Այլ քո քայլքի եղանակը
Վսեմ ու պիղծ...
Հազար տեսակ պատկերի հետ
Հազար տեսակ լռություններ կան աշխարհում:
Իմն ամենից ահավորն է,
Որովհետեւ լցված է նա միշտ քեզանով:
Ու ես ինքս, որ մարդ էի,
Քո պատճառով կարծես հիմա
Նկարազարդ գիրք եմ դարձել.
Հուշ-հիշատակ-հիշողություն՝
Եղած-չեղած,
Մթահանգած-մտահանգված,
Գեղեցիկ ու զարհուրելի,
Ինչպես ինքդ...
Մեքենական դարում ապրել
Եվ խեղճորեն չկարենա՞լ փախչել հեռու:
Որոշել եմ, քանի անգամ,
Նստել ինչ-որ մի մեքենա
Եվ... ազատել քեզ ինձանից-ինձ քեզանից:
Բայց մի՞թե դու չես նկատել,
Թե ինչպես են մեքենաներն ընկնում գործի.
Բանալիի փոքրիկ շարժում,
Վառելիքի չնչին հոսանք՝
Եվ մեքենան կենդանանալ է սկսում,
Սկսում է խայտալ, ինչպես...
Ինչպես... կինը անկողնու մեջ իր սիրածի...
Ինքդ ասա.
Ես ինչ տեսակ մեքենայով
Եվ ուր փախչեմ
Պատկերավոր այս աշխարհից...
-Կշիկանան մատները... քեզ մերկացնողի
Ու շիկացած՝ կեռերի պես կկորանան,
Իսկ քեզ այնպես մերկ տեսնողը, անտարակույս,
Տեղն ու տեղը եւ մեկընդմիշտ կը... կուրանա...
Ֆրանչեսկա,
Ի սեր աստծո,
Ըմբերանիր ինձ վերստին ու առհավետ:
Ըմբերանիր ու դրանով օգնիր դու ինձ,
Որ ես դառնամ
Երազելի այն մարդն Էլի,
Որ ստվերից, եւ ստվերից է ամաչում:
Թե չէ այսպես բարբաջելիս ինքս հիմա
Զզվելու չափ շատ եմ նման
Մի երջանիկ դատավորի,
Որ իր անկուշտ վառարանը ձմեռային
տաքացնում է օրենսգրքի այն էջերով,
Որոնցով նա ամբողջ կյանքում դատ է վարել...
Ա~խ, մի' լսիր, Ֆրանչեսկա',
Իսկ լսել ես եթե արդեն`
Մի' կատարիր իմ խնդիրքը,
Թե չէ հենց որ արձակեցիր փակ բերանըս`
Ես քեզ կասեմ...
... Զարհուրելի~ խոսքեր կասեմ:
Կասեմ, որ դու միշտ ինձ հետ ես,
Միշտ ինձ հետ ես,
Ինչպես ծուխը ծխախոտի`
Բերնիս վրա,
Հագուստիս մեջ,
Իմ թոքերում...
Քո անունը, անու~նը լոկ
Ինձ ձգում է,
Ինչպես աղբյուրն անապատում.
--Եվ գեղեցի~կ-գեղեցի~կ ես,
Ինչպես մեղքը...
--Իսկ բերանըդ հրաբխի խառնարան է...
--Իսկ քայլքիդ տակ
Ինքը հողն է հեռախոսում
Հրահեղուկ իր արգանդից...
--Իսկ աչքերըդ ապստամբած երկրներ են.
Նոր արքայի են սպասում...
Ֆրանչեսկա',
Չէ" որ եթե մենք իրա'ր չենք,
ես քո'նն եմ գեթ,
Գոնե խղճա իբրև քոնի~դ,
Եվ արձակիր բոլոր նրանց,
Եվ ազատիր ինձ էլ մի կերպ
Անվանարկու և խոշտանգող
Այս պաշտոնից բանտապահի...
Ու բերանըս,
Որ եղել է խոսքի փեթակ,
Նույն բերանըս վերածվել է արդեն բանտի.
Կալանքել եմ այնտեղ բառեր`
Սիրո',
Տենչի',
Ու ցանկությա'ն բառեր անթիվ,
Ամեն մեկը` մի ավազակ,
Ամեն մեկը` մի հանցագործ,
Ես էլ` միակ պահակ բանտի...
Եվ նրանցից ով է արդյոք բանտարկյալը.
Բանտարկյալը թե պահակը բանտարկյալի:
Եվ նրանցից ով ավելի է կաշկանդված.
Դռան հետև կալանվածը,
Թե տնկվածը դռան առջև...
Մենք առավել ենք մտերիմ,
Քան թե դաղձը և առվակը:
Մենք ավելի ենք մտերիմ,
Քան թե շունչը և կոկորդը:
Մենք առավել ենք մտերիմ,
Քան թե օղակն ու կոճակը:
Սակայն պիտի, Ֆրանչեսկա',
Հավիտենից հավիտյանըս մնանք կարոտ
Մտեռմությանն այն հասարակ,
Որ սփռոցին է լուռ թառում`
Ցերեկային անքուն - անգույն բուի նման,
Իսկ երբ հոգնում է նստելուց`
Պտըտվում է լուսամփոփի ուղեծիրով:
Իսկ ես մարդ եմ, ոչ թե ջայլամ,
Որ ամեն ինչ կուլ տամ իսկույն:
Իսկ ես մարդ եմ, ոչ թե ստվեր,
Որ հեշտությամբ
Կտրեմ - անցնեմ ամեն արգելք ու խոչընդոտ:
Եթե անգամ ամե~ն արգելք ու խոչընդոտ`
Ո'չ այս մեկը,
Այս միա~կը,
Ֆրանչեսկա'...
Դու ազնիվ ես,
Ինչպես ինքը որթատունկը,
Շնորհալի ողկույզի պես,
Եվ այսքանը ավելի քան բավական էր.
Պետք չէր դառնալ նաև գինի
Եվ առավել պետք չէ հետո օղի~ դառնալ...
Տե'ս,
Ծառերի արյան ճնշումն ահա կրկին
Բարձրանում է և բարձրանում այնքան գուցե,
Որ գնում է ուշքը նրանց.
Նրանք ճոճվում ուշակորույս, բայց չեն ընկնում:
Ես վաղուց եմ եղբայրացել նրանց բախտին`
Քո' պատճառով,
Ավելի ճիշտ` քո բուրմունքի~,
Որ միայն ինքն է չարգելված
Այն ամենից,
Ինչ որ ունի քո արգելված այս մարմինը...
Դու չես կարող
Դառնալ անհոտ և անբուրմունք,
Բայց աղաչում-պաղատում եմ,
Վերստացի~ր նախկին բույրըդ:
Իսկ նախապես դու ունեիր ցորենի' բույր,
Սուրբ ցորենի~, ոչ թե սրճի,
Որ հանգստի ու քնի դեմ ունի հին ոխ
Եվ խռովքի աջակիցն է ավանդական...
Բայց աշխարհում
Թե ամեն բան իր բույնն ունի եւ իր հոտը,
Մի՞թե դժբախտ երջանկությունն է, որ չունի:
Ա՛խ, չէ.
Նա էլ ի՛ր բույրն ունի՝
Քո արգելված մարմնի բույրը,
Որ միայն ինքն է չարգելված
Այն ամենից, ինչ ունես դու...
Կա եւ ուրիշ մի կայսրություն՝
Կույրերինը:
Եվ վարժվել եմ այնտեղ ապրել ու գործելուն.
Մթան մեջ էլ,
Փակ աչքով էլ ես գտնում եմ՝
Ողորկություն-կորությունները քո բոլոր,
Ակնկալված նորությունները քո բոլոր,
Որոնք -գուցե մինչեւ անգամ քեզնից թաքուն-
Որոնում են իմ շոյանքը,
Որոնում են՝
Աղվամազիդ յուրաքանչյուր շոշափուկով...
Ի սեր արյան եւ թանկարյուն եղբայրության,
Մի հրաշքով բաց անել տուր աչքերս կույր,
Մի կերպ գտիր ամենաբուժ Հիսուս մի նոր,
Որ նայեմ քեզ նախկինի պես՝
Բա՛ց աչքերով՝
Ու նայելով բաց աչքերով՝
Չտեսնեմ քեզ այս տեսությամբ...
Իսկ այդ սերը`
Աններելին,
Ինձ է ահա շրջափակել
Կայսերական մի անիրավ սահմանի պես...
Բայց դա քիչ է,
Ֆրանչեսկա',
Սահմանապահ զորամասերդ ավելացրու,
Սահմանախախտ ամեն հայացք
Եվ հետախույզ ամեն ակնարկ ձերբակալի'ր
Ֆրանչեսկա':
Դու առանց ինձ արդյոք ի՞նչ ես միշտ երազում:
Ես առանց քեզ երազում եմ,
Թե սա, իբր, մի իսկական սեր չէ բնավ,
Իբր միայն փոխ է տրված,
Ու ես պիտի ժամանակին վերադարձնեմ իր տիրոջը:
Ֆրանչեսկա՛,
Ի սեր սիրո՝ իսկականի,
Ինձ այս սերը փոխ տվողին մի կերպ գտի՛ր,
Որ իր փոխը վերադարձնեմ,
Հետն էլ տամ շահ, բարձր տոկոս...
Ես առանց քեզ այդ գերանն եմ անվերջ տաշում.
Մեր գաղտնիքի ա՛յն գերանը,
Որ մեր աչքում հաստանալով հաստանում:
Ու տաշում եմ ամեն ձեւով,
Մինչեւ անգամ եղունգներով իմ հնամաշ:
Ու տաշում եմ,
Ու քերծում եմ,
Ու ճանկռտում,
Որ բարակի՛,
Գեթ բարակի...