Ամանորի գիշերը Հունաստանի առողջարանային Կալիվիա քաղաքի առանձնատներից մեկում ոստիկանությունը ձերբակալել է մի խումբ անձանց: Ինչպես տեղեկացնում են Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները, հունական հատուկ ծառայությունները «բացահայտել են «թմրախնջույքի» դեպք», որ կազմակերպել է Մեծ Բրիտանիայում կեցության հատուկ կարգավիճակ ունեցող Իզզեթխանում Ջավադովան:
Վերջինս Մեծ Բրիտանիայում հայտնի է որպես դիջեյ-շոումեն և հանդես է գալիս «Միկելե» բեմական ծածկանունով: Նա, ինչպես Հունաստանի ոստիկանությունն է հարցմամբ պարզել, եվրոպական մի շարք երկրներում «զվարճալի երեկոների կազմակերպիչ է»: Այդ գիշերային խրախճանքներին հիմնականում մասնակցում են «ադրբեջանական համայնքների հարուստ մարդկանց զավակները»:
Հունաստանի Կալիվիա քաղաքում Իզզեթխանում Ջավադովայի հետ ձերբակալված անձանց ինքնությունը դեռևս բացահայտված չէ, հայտնի է, որ նրանցից չորսը կին է, մեկը՝ տղամարդ: Հունական մամուլին հայտնի է դարձել, որ ձերբակալվածները ցուցմունք են տվել, որ առգրավված թմրանյութերն «անձնական օգտագործման համար է»: Որտեղի՞ց են նրանք ձեռք բերել ընդհանուր առմամբ 300 գրամ կոկաինը, ինչպես են հասցրել Հունաստան, հետաքննության առարկա է:
Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները տեղեկացնում են, որ հունվարի 3-ին Կալիվիա քաղաքի դատարանը Իզզեթխանում Ջավադովայի նկատմամբ խափանման միջոց է ընտրել մեկամսյա կալանքը՝ բավարարելով դատախազության պահանջը: Ջավադովայի փաստաբան Միցոտակիսը համարում է, որ «կալանքը համարժեք չէ» իր պաշտպանյալի թույլ տված օրինախախտմանը և գտնում է, որ նա «ընդամենը տարածք է տրամադրել «թմրախնջույքի» սիրահարներին»:
Այս պատմությունը, հավանաբար, ուշադրության չարժանանար, եթե Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները չհրապարակայնացնեին, որ Հունաստանում ձերբակալված դիջեյ «Միկելեն» իրականում Իզզեթխանում Ջավադովան է, իսկ ավելի կոնկրետ՝ Իզզեթխանում Ջալալ կըզի Ալիևան, այսինքն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զարմուհին, նրա հորեղբայր Ջալալ Ալիևի դուստրը, որ ավելի քան քսան տարի է՝ տեղափոխվել է Լոնդոն և կրում է ամուսնու ազգանունը:
Հունաստանի ոստիկանությունը չի հայտնել, թե ում է պատկանում առողջարանային քաղաքի էլիտար թաղամասի առանձնատունը, որտեղ Իզզեթխանում ՋավադովաժԱլիեւան կազմակերպել է թմրանյութային օրգիան: Ըստ երևույթին, ոստիկանությանն այդ մասին տեղեկացրել է հարևաններից մեկը, երբ օրգիայի մասնակիցներն սկսել են խանգարել մարդկանց հանգիստը:
Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները վստահաբար պնդում են, որ հունական պատկան մարմիններն առանձնատան սեփականատիրոջ ինքնությունը չեն բացահայտում «միայն քաղաքական նկատառումներից ելնելով»: Ըստ նրանց տարածած տեղեկության՝ շքեղ առանձնատունը պատկանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին, գրանցված է նրա որդու՝ կրտսեր Հեյդար Ալիևի անունով:
Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա հետևում է, որ Ալիևի հորեղբոր դուստրը Նոր տարվա գիշերը չէր կարող ապօրինի մուտք գործել պագպանվող առանձնատուն: Այսինքն, նա այնտեղ է գտնվել Իլհամ Ալիևի կամ նրա որդու իմացությամբ և թույլտվությամբ: Ստացվում է, որ Ադրբեջանի նախագահի ընտանիքին պատկանող առանձնատունը մի քանի օրով պետք է վերածվեր թմրանյութի իրացման կետի, իսկ բուն գործարքը քողարկելու նպատակով կազմակերպվել է «զվարճանքի երեկո»:
Իհարկե, ոչ մի երաշխիք չկա, որ Ջավադովա-Ալիևան մոտակա օրերին կամ նախնական կալանքի ժամկետը լրանալուց հետո գրավի դիմաց կամ այլ «հիմնավորմամբ» ազատ կարձակվի և կվերադառնա Լոնդոն. որտեղ տասնյակ միլիոնավոր դոլարների հսանող «ապրանքաշրջանառություն է իրականացվում», միշտ խառն է նաև «մեծ քաղաքականությունը»: Իսկ ի՞նչ քայլեր կձեռնարկի բրիտանական արդարադատությունը: Ըստ տեղեկությունների՝ Իզզեթխանում Ջավադովան կասկածվում է «ադրբեջանական լվացաքատանը» ներգրավված լինելու մեջ:
Комментарии 1