Երևանի քաղաքապետարանը վիրավորված է
Երեք օր շարունակ տեղացող ձյունը Ամանորի առաջին օրերին կաթվածահար էր արել երթևեկությունը, ինչն էլ քաղաքապետարանի աշխատանքի նկատմամբ համընդհանուր դժգոհություն էր առաջացրել: Քաղաքապետարանը, սակայն, տեղեկացնում է, որ 350 մեքենա մեխանիզմ է կիրառվել ձնահեռացման համար, որից 180-ը «Սանիտեկ» ընկերությանն է, 170-ը՝ մասնավոր ընկերությանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դեկտեմբերի 30-ից, երբ ձյունը սկսել է տեղալ, քաղաքապետարանը ամբողջությամբ ներգրավվել է ձյան մաքրման աշխատանքներին, թեև «Սանիտեկ» ընկերությունը պետք է իրականացներ ձյան մաքրման աշխատանքները, քանի որ պայմանագրային պարտավորություններ ուներ: Հաշվի առնելով աննախադեպ ձյան տեղումները՝ անընդհատ տեղումների ժամանակ հնարավոր չէ արածդ աշխատանքը տեսանելի դարձնել:
«Այդ ամբողջ ընթացքում անընդհատ մաքրվել են փողոցները, բայց ո՞վ կասի, որ տեղացող ձյան պարագայում հնարավոր է լիարժեք մաքրել փողոց, պատրաստ եմ անձամբ այդ մարդուց սովորել, եթե կարողանա մեկ օրինակ բերել»,- հավելեց Արթուր Գևորգյանը:
Հարցին՝ ձյան մաքրման տեխնիկայի պակաս կա՞, Արթուր Գևորգյանը արձագանքեց. «Նախորդ տարի նոյեմբեր ամսին Չիկագոյում արտակարգ դրություն հայտարարվեց. տեղացել է 45 սմ ձյուն, արտակարգ դրություն մենք չենք հայտարարել: Մենք կատարել ենք աշխատանքներ, որևէ ճանապարհ փակ չի եղել»:
Մեր տեխնիկան արդյոք բավարա՞ր է աննախադեպ ձյունը մաքրելու համար: Այս առիթով Արթուր Գևորգյանը հավելեց, որ երբեք չի կարելի ասել՝ բավարար է կամ բավարար չէ. Իհարկե, ավելի շատ լիներ՝ ավելի լավ, բայց եթե տեղումների ժամանակ կրկնակի տեխնիկա լինի, հասարակությունը չի տեսնի դա, քանի որ եթե քո մաքրելուց հետո ձյունը տեղում է, քեզ թվում է՝ որևէ բան արված չէ:
«Վիրավորական է, որ այդքան մարդ աշխատել է, այդ թվում նաև Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը, քաղաքապետը՝ իր տեղակալներով, այդ թվում նաև վարչական շրջանների ղեկավարները, որոնք տեղում հսկել են գիշեր ու ցերեկ… Թող գոնե մեկը դուրս գար, բահ վերցներ, իր դռան դիմացը մաքրեր: Չի կարելի քո չտեսածով փորձել մեղադրել դիմացինին, թե սուտ ես խոսում: Ո՛չ, մենք ստախոս չենք, թող գտնեն աշխարհում մի տեղ, որտեղ ձյան տեղումների ժամանակ ապահովել են չոր հատված»:
Ա.Գևորգյանը նշեց, որ այս պահին էլ աշխատում են չդադարող ռեժիմով, ձնահեռացման աշխատանքներ են իրականացվում: Նախորդ երեկոյի դրությամբ արդեն 5000 բեռնատար ձյուն է տեղափոխվել քաղաքից: «Բակային տարածքներ դեռևս ձեռքներս չի հասնում, բայց համոզված եղեք՝ նաև բակային հատվածներ ենք մտնելու քաղաքապետի հանձնարարությամբ»,- ասաց Արթուր Գևորգյանը:
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев